Արտադրող՝ Հռիփսիկ Պետրոսյան
Մեղվաբուծությունը՝ սեր, ժառանգություն և համայնք կերտելու ուժ
Հռիփսիկ Պետրոսյանը այրի է, ունի երկու ամուսնացած որդի և թոռնիկներ։ Նրանց ընտանիքում մեղվաբուծությունը դարձել է համատեղ կյանքի մաս․ մեծից փոքր՝ բոլորը ներգրավված են մեղվանոցի աշխատանքներում։ Նույնիսկ հարսները, որոնք սկզբում դժգոհությամբ էին մոտենում այս գործին, այսօր դարձել են դրա ակտիվ մասնակիցները, իսկ փոքրիկ թոռնիկի խաղահրապարակը մեղուների փեթակներն են։
Տարածք, որտեղ մեղուն է իշխում
Հռիփսիկի մեղվանոցը գտնվում է Շիրակի մարզի Ջրափի գյուղում, Ախուրյանի ջրամբարի հարևանությամբ, հայ–թուրքական սահմանին։ Տարածքն առանձնանում է իր խիստ, բայց առողջ կլիմայով․ ձմռանը ջերմաստիճանը հասնում է մինչև -40°C, ամառները զով են։
Բարձրադիր ալպիական բնությունը, բնական մարգագետինները, առողջ և չմշակվող արոտավայրերը, մի քանի կիլոմետր ձգվող անտառաշերտը և բնական աղբյուրները ստեղծում են մեղվաբուծության համար բացառիկ միջավայր։
Համայնքում չկա հանքարդյունաբերություն, չկա քիմիական աղտոտում, հողերը չեն պարարտացվում։ Ցանքատարածքներում հիմնականում աճեցվում են ցորեն, գարի, առվույտ և կորնգան, իսկ բնությունը պահպանել է իր կուսական տեսքը։
Մեղվաբուծական ուղու սկիզբը
Հռիփսիկի առաջին փեթակը եղել է պարս, որը ինքն է ընտրել իրեն՝ նստելով իր այգու խնձորենուն։ Գրքեր կարդալով և փորձելով՝ նա խնամել է այդ միակ մեղվաընտանիքը։ Տարիներ շարունակ ամռանը այն բաժանել է երկուսի, գարնանը նորից մնացել է մեկը։ Հինգ տարի պահանջվեց, մինչև կարողացավ մեղվաընտանիքների թիվը հասցնել 10-ի։
Մեղվաբուծությունը նրա ընտանիքում ունի դարավոր պատմություն։ Մեծ տատը եղել է կոլխոզի գլխավոր մեղվաբույծը, իսկ ինքը՝ դեռ փոքր տարիքում, մեղրաքամի ժամանակ ռամկաներ է տեղափոխել։ Երբ պարսը հայտնվեց իր բակում, նա որոշեց՝ դա իր ճանապարհն է, և առանց հարցնելու սկսեց։
Իրեն իսկական մեղվաբույծ Հռիփսիկը զգաց այն ժամանակ, երբ վերապատրաստվեց Մեղվաբուծության Դարբնոցում, սովորեց ինքնուրույն ախտորոշել հիվանդությունները և իրականացնել բուժումներ։
Աշխատանքի փիլիսոփայությունը
Հռիփսիկի համար մեղվաբուծության ամենագեղեցիկ պահերից են գարնանային ստուգումները․ մայր փնտրելու տրոփյունը, ձվի հայտնաբերման հրճվանքը, արհեստական մայրահանության արդյունքները։ Իսկ մեղրաքամը նրա համար ոչ միայն մեղվի աշխատանքի արդյունքն է, այլ նաև մեղվապահի գնահատականը։
Մեղուն նրա համար աշխատասիրության, կարգապահության, ընտանիքի, մաքրասիրության և բնության հետ ներդաշնակ ապրելու կենդանի օրինակ է։ Մեղվանոցում աշխատելիս նա իրեն ավելի առողջ ու հանգիստ է զգում։
Այսօրվա տնտեսությունը
Հռիփսիկ Պետրոսյանը արդեն 15 տարի է զբաղվում մեղվաբուծությամբ։ Ներկայումս ունի 70 փեթակ, զբաղվում է նաև մեղվի արտադրությամբ և վաճառում է մեղվաընտանիքներ։ Ստանում է բարձրորակ բազմածաղկային մեղր։
Բարձր լեռնային՝ մոտ 1800 մետր բարձրության կլիման զգալի ազդեցություն ունի մեղրի համային հատկությունների վրա։ Մեղվաբերքը համընկնում է ակացիայի, փշատենու, ծիտրոնի ծաղկման հետ, իսկ հետո օշինդրը, ուղտափուշը և մայրամխոտը լրացնում են մեղրի ամբողջ համային գամման։
Այս տարածքի մեղրը կրում է այն բոլոր դեղաբույսերի ուժը, որոնցից մեղուն նեկտար է հավաքում։
Նորարարություն և մասնագիտական զարգացում
Հռիփսիկը ունի լիարժեք կահավորված, նորակառույց աշխատանքային տարածք՝ սալիկապատ հատակով, նոր մեղրաքամով, մոմհալով, մայրահանության ժամանակակից սարքավորումներով, տզի բուժման սուբլիմատորով, մայրակաթի պահպանման սառցախցիկով և անհրաժեշտ բոլոր պարագաներով։
Նա մասնակցել է բիզնես հմտությունների, մարքեթինգի, բիզնես պլանավորման և հաճախորդների ներգրավման դասընթացների և գործնականում կիրառում է ստացած գիտելիքները։
Բնություն, որ խոսում է մեղրի միջոցով
Մեղուները գտնվում են նրա բակում՝ ազնվամորու այգու կողքին, շրջապատված վարելահողերով, անտառաշերտով, վայրի մրգատու ծառերով ու թփերով։ Տարածքում առատ են յասամանը, փշատենին, մասուրը, ակացիան, վայրի հաղարջը, դաղձը, ուրցը, մայրամխոտը, արևքուրիկն ու ծիտրոնը։
Գյուղը շրջապատված է սարերով, և հեռվից այն հիշեցնում է մեծ մեղվանոց՝ իր ուղիղ փողոցներով ու շարված տներով, որի կողքին ծփում է Ախուրյանի ջրամբարը։
Մեղվաբուծությունը՝ բիզնես և համայնք
Սիրողական մեղվապահությունը Հռիփսիկը վերածել է բիզնեսի։ Այսօր ունի հարյուրավոր կիլոգրամ մեղր, կայուն եկամուտ, իսկ անբարենպաստ տարիներին վաճառում է մեղվաընտանիքներ։ Մարդիկ, ովքեր ժամանակին իրեն չէին աջակցում, այսօր դիմում են խորհուրդ հարցնելու։ Նա ունի կրտսեր գործընկերներ և օգնում է սկսնակ մեղվապահներին զարգացնել իրենց տնտեսությունները։
Մեղուներից նա ստացել է ամեն ինչ՝ անթափոն արտադրություն, առողջություն, կայուն եկամուտ։ Նրանց կծոցները օգնել են հոդերի ցավերին, մայրակաթը ամրացրել է առողջությունը, իսկ բնական մեղրը դարձել է ընտանիքի հիմնական ապրուստի աղբյուրը։ Նա ծրագրում է կիրառել նաև մեղվի բիոէներգիան՝ ապիտնակի միջոցով որպես պասիվ եկամտի նոր աղբյուր։
Ընտանեկան գործ և ապագայի երազանք
Ընտանիքի բոլոր անդամները ներգրավված են․ հարսները պատրաստում են մոմե արձանիկներ և իրենց եկամուտն ունեն, որդիները վերանորոգում են փեթակներն ու տնակները, հին գոմը վերածել են ձմեռանոցի, որտեղ մեղուներն ապահով են ձմեռում։
Մեղրը արդեն բրենդավորված է՝ «Արփի մեղվամթերք» անվամբ, ունի որակի սերտիֆիկատ։ Հռիփսիկի երազանքն է ստեղծել գյուղական հյուրատուն, զարգացնել մեղվազբոսաշրջությունը։ Արդեն ունեցել է հյուրեր, կազմակերպել համտեսներ, և մարդիկ գոհ հեռացել են գնումներով։
«Մենք սա արհեստ չենք համարում։ Սա սեր է՝ բնության, մեղվի և ամեն բնականի հանդեպ։ Մենք մեղվասեր մարդիկ ենք»