Բնական մեղր N7

Լիլիթ Չոբանյան

Երբ մեղուն դառնում է վերադարձ դեպի կյանք

2020 թվականը Լիլիթ Չոբանյանի կյանքում կտրուկ բաժանարար գիծ դարձավ։ Տեղահանվելով՝ նա իր երեք զավակների հետ բնակություն հաստատեց Արմավիրի մարզի Դաշտ գյուղում։ Տարածք, որը սկզբում օտար էր՝ տափաստանային, քարքարոտ, խիստ տարբեր այն փարթամ բնությունից, որտեղ անցել էր նրա նախորդ կյանքը։

Դաշտ գյուղում բնությունը երկդիմի է․ այստեղ հիմնականում մշակովի հողատարածքներ են, սակայն կան նաև քարքարոտ, չմշակվող տարածքներ, որոնք գարնանը դառնում են մեղվանոցի զարգացման կարևոր հիմք։ Ամռանը, սակայն, այս տարածքը մեղուների համար ծանր է, և Լիլիթը իր մեղվանոցը տեղափոխում է բարձր լեռնային գոտիներ՝ դեպի Հանքավանի անտառներ։ Այդ տեղափոխությունն արդեն ոչ միայն աշխատանքային քայլ է, այլ վերադարձ դեպի բնության հետ ապրելու զգացողությունը։

Տեղահանվելուց հետո Լիլիթի համար գործ գտնելը գրեթե անհնար դարձավ։ Նա կանգնեց ընտրության առաջ՝ աշխատել այլոց համար ծանր ու անտեսանելի աշխատանք, թե օգտագործել ունեցած սուղ ռեսուրսները և սկսել սեփական ճանապարհը։ Այդպես ծնվեց մեղվաբուծությամբ զբաղվելու որոշումը՝ մի գործ, որը հնարավոր էր աստիճանաբար զարգացնել։ Այդ ընտրության մեջ մեծ դեր ունեցավ նրա հայրը, որի երազանքն էր տեսնել զավակներին որպես իր գործի շարունակողներ։ Լիլիթը երախտապարտ է նաև կրթական և դրամաշնորհային ծրագրերին, որոնք նրան աջակցեցին ոչ միայն նյութապես, այլև բարոյահոգեբանական ուժ տվեցին։

Մեղվաբուծությունը Լիլիթի համար դարձավ միաժամանակ ամենադժվարն ու ամենահետաքրքիրը։ Այն ուներ երկակի նպատակ․ նա ալերգիա ուներ մեղվի խայթոցից և միաժամանակ խիստ ինտեգրման կարիք։ Մեղվանոցը դարձավ այն տարածքը, որտեղ նա գտավ նոր մարդկանց, ընկերներ, լուծեց ֆինանսական խնդիրներ և, ինչպես ինքն է ասում, «հաղթահարեց մահը»։ Այսօր նա ոչ միայն այլևս ալերգիա չունի, այլ նաև ֆիզիկապես ու հոգեպես կազդուրված է։

Լիլիթը խորապես սիրում է բնությունը, և մեղուն նրա ու բնության միջև ամենակենդանի օղակն է։ Նա ապրել է Արցախի ամենափարթամ բնակավայրերից մեկում, իսկ այսօր ապրում է տափաստանային միջավայրում։ Սակայն ամեն ամառ մեղուները նրան տանում են դեպի Հանքավանի հրաշք լեռներն ու անտառները՝ վերադարձնելով կորցրած ներքին հավասարակշռությունը։

Արդեն չորրորդ տարին է, ինչ Լիլիթը զբաղվում է մեղվաբուծությամբ և այսօր ստանում է 150+ մեղվաընտանիքից հավաքված բազմածաղկային մեղր։ Դաշտի մեղրերը աչքի են ընկնում մեղմ, միատեսակ քաղցրահամությամբ, մինչդեռ Հանքավանի անտառային մեղրը ունի յուրատեսակ բնավորություն՝ թթու, կծու, սուր համային նրբերանգներով։

Լիլիթի մեղվանոցը մշտապես թարմացվում է․ նա պարբերաբար ներդրումներ է կատարում՝ ինքնաբավությունն ապահովելու համար։ Նա մասնակցել է մեղվաբուծական, կանանց հզորացման և բիզնես կրթական ծրագրերի՝ գիտակցելով, որ որակն ու կայունությունը սկսվում են գիտելիքից։

Այս պահին մեղուները գտնվում են Դաշտ գյուղում, իսկ ամռանը՝ Հանքավանի անտառներում և լեռներում։ Այդ տարածքները զերծ են թունաքիմիկատներից, հարուստ են վայրի խոտաբույսերով՝ լորենի, կաղնի, սոսենի, վայրի տանձենի, որց, մասուր, ղանթափա, ակացիա և բազմաթիվ այլ դեղաբույսեր։ Տարածքը հեռու է խիտ բնակեցված վայրերից, մեքենաների շարժից և գործարաններից, ինչը անմիջականորեն արտացոլվում է մեղրի որակի վրա։

Պատերազմից հետո Լիլիթը կորցրել էր ինքնավստահությունը, բայց մեղվաբուծությունը օգնեց նրան վերագտնել իրեն և չհուսահատվել։ Նրա օրինակը ոգևորեց համայնքին․ մի վայրում, որտեղ բոլորը հողագործ էին, այսօր կան նաև սկսնակ մեղվապահներ։

Մեղվաբուծությունը Լիլիթի համար կյանք է, որը ստիպում է մշտապես զգոն լինել և աշխատել։ Նրա զավակներն արդեն մասնակցում են «Մեղվաբուծության Դարբնոց»-ի դասընթացներին՝ ապագայում ավելի գրագետ տնտեսվարելու համար։

Լիլիթի երազանքն է լինել կայուն, ինքնաբավ և պահանջված արտադրող՝ հնարավորության դեպքում հասնելով նաև արտաքին շուկաներ։ Իր բրենդը նա անվանել է «Մռով»՝ ոչ միայն կարոտից, այլ որպես ներքին հենարան, ինչպես Մռով լեռն է հենարան եղել հայ մարդու համար։

Ինչպես ինքն է ասում․
«Մարդը պիտի ապրի մեղվի կարգախոսով՝ հաղթահարելով ամեն խոչընդոտ և ստանալով միայն որակ»։

Եվ հենց այդպես էլ ծնվում է «Մռով» մեղրը՝ ուժեղ, անկեղծ և հաղթահարած կյանքի ճանապարհով։ 🐝🍯

 

ԿՈԴ՝ 20-5
5000 ֏/հատ

Խորհուրդ ենք տալիս

35000 ֏/հատ
Առկա չէ
1400 ֏/հատ
150 ֏/հատ
800 ֏/հատ

Դուք դիտել եք