Արտադրող՝ Նանար Ավետիսյան
Մեղվաբուծությունը՝ ուժ, հույս և նոր սկիզբ
Նանար Բաբկենի Ավետիսյանը ծնվել է Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։ Տարիներ շարունակ ընտանիքով ապրել են Արցախում, որտեղ ձևավորվել է նրա մեղվաբուծական ուղին։ 2023 թվականին ընտանիքը բռնի տեղահանվել է Արցախից և տեղափոխվել Հայաստան։ Այսօր նրանք ապրում են Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղում՝ վարձակալական հիմունքներով։ Ընտանիքը բաղկացած է 9 անդամից, որոնցից 3-ը՝ անչափահաս։
Մեղվաբուծական ուղու սկիզբը
Նանարը մեղվաբուծությամբ զբաղվում է շուրջ 23 տարի։ Նրա ուղին սկսվել է Արցախում՝ ամուսնու հոր մեղվանոցում, որտեղ առաջին քայլերն արել է փորձառու մեղվապահի կողքին։ Այդ փորձն ու նվիրվածությունը փոխանցվել են իրեն, և ժամանակի ընթացքում մեղվաբուծությունը դարձել է ոչ միայն մասնագիտություն, այլ կյանքի ուղի։ Արցախում մեղվանոցը եղել է ընտանիքի կայուն եկամտի աղբյուր։
Բռնի տեղահանումից հետո, «Քաղցր ապագա» ծրագրի շրջանակներում ստացած մեղվաընտանիքները հնարավորություն տվեցին Նանարին նորից սկսել իր սիրելի գործը՝ արդեն Հայաստանում, Տարոնիկ գյուղում։
Այսօրվա մեղվանոցը
Ներկայումս Նանարը ունի 17 մեղվաընտանիք և նպատակ ունի գարնանը դրանց թիվը հասցնել 50 փեթակի։ Մեղվանոցը գտնվում է Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղում, որտեղ գարնանը բնությունը հարուստ է բուսականությամբ, իսկ կլիմայական պայմանները նպաստավոր են մեղվաընտանիքների աճի և զարգացման համար։
Մեղուները տարվա ընթացքում տեղափոխվում են նաև Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ և Սեմյոնովկա՝ բարձրադիր և մաքուր լեռնային գոտիներ։ Այս բազմաբնույթ միջավայրը՝ դաշտային ու լեռնային բույսերը, վայրի ծաղիկներն ու դեղաբույսերը, մեղրին հաղորդում են յուրահատուկ համ, բույր և բարձր կենսաբանական արժեք։
Նանարի մեղրը բազմածաղկային է՝ հարուստ համով, բնական բաղադրությամբ և բուժիչ հատկություններով։ Նրա խոսքով՝
«Դա պարզապես մեղր չէ, դա Հայաստանի բնության քաղցր ձայնն է»։
Մեղվի փիլիսոփայությունը
Նանարի համար մեղվաբուծության ամենահետաքրքիրը մեղվի փոքրիկ աշխարհն է՝ իր կատարյալ ներդաշնակությամբ։ Մեղվամայրը՝ որպես ընտանիքի հոգի, և աշխատասեր մեղուները՝ որպես լուռ ու նվիրված զինվորներ, դարձել են կյանքի խորհրդանիշ։
Մեղուն նրան սովորեցրել է․
- համբերություն
- կարգապահություն
- պատասխանատվություն
- լուռ աշխատելու արժեքը
Ամենածանր պահերը այն ժամանակներն են, երբ բնությունը դառնում է անկանխատեսելի՝ քամի, անձրև, հիվանդություններ, և ամիսների խնամքը կարող է կորչել մի ակնթարթում։ Բայց ամենածանրն այն է, երբ մեղուն լռում է, և փեթակը դատարկվում է։
Նորարարություն և կրթություն
Նանարի մեղվանոցում կիրառվում են արդիական փեթակներ, ժամանակակից կառավարման մոտեցումներ և հիվանդությունների վերահսկման բնական մեթոդներ։ Նա մասնակցել է Մեղվաբուծական Դարբնոց Գիտակրթական Կենտրոնի դասընթացներին, ինչպես նաև ուսանել է Սոցիալական ձեռներեցների դպրոցում, որպեսզի կարողանա իր բիզնեսը զարգացնել գրագետ և կայուն ձևով։
Ընտանեկան գործ և ապագայի տեսլական
Մեղվաբուծությունը Նանարի ընտանիքի համար դարձել է համատեղ զբաղմունք։ Ամուսինն ու որդիները մասնակցում են մեղվանոցի խնամքին, փեթակների տեղափոխմանը և մեղրի հավաքման գործընթացին։
Նանարի երազանքն է զարգացնել մեղվանոցը և HaNaEl Bees բրենդի ներքո ստեղծել բարձրորակ, բնական մեղրի կայուն արտադրանք, որը կկարողանա հասնել ոչ միայն տեղական, այլև արտասահմանյան շուկաներ։
Մեղվաբուծությունը նրա կյանքում դարձել է ոչ միայն ապրուստի միջոց, այլ ուժի, հույսի և ինքնավստահության վերադարձ՝ տեղահանությունից հետո։ Նրա պատմությունը համայնքում օրինակ է, որ հնարավոր է նորից սկսել՝ բնության հետ ներդաշնակ։
«Մեղուն փոքրիկ ու փայլուն թռչող հրեշտակ է, որը համբերությամբ ու կարգապահությամբ կերտում է կյանքի քաղցր ճարտարապետությունը»